National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2023
Մի շարք ոլորտներում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասով էական տեղաշարժեր են գրանցվել. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 8

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2022 թվականին գրանցվել է բարձր տնտեսական աճ՝ կազմելով 12.6 տոկոս, ինչը 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ապրանքների արտահանման աճը կազմել է 77,7 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը շուրջ 14 մլրդ 128 մլն դոլար է եղել: Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 360 մլն դոլար: Ապրանքների եւ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կազմել է 47,7 տոկոս՝ 2021 թվականի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 12,3 տոկոսային կետով: ԵԱՏՄ-ի հետ համագործակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում էական տեղաշարժեր են գրանցվել: 2022 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի մարտի մեկը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է 113.753 անձ: Նախարարի խոսքով ՌԴ մեծաթիվ քաղաքացիներ իրենց տնտեսական գործունեության կենտրոնը մասամբ տեղափոխել են Հայաստան: Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում 2022 թվականի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հիմնադիրներով պետական գրանցում են ստացել 7328 կազմակերպություն եւ անհատ ձեռնարկատերեր, 2345 ընկերություն եւ մոտ 5000 անհատ ձեռնարկատեր: Էական աճ է գրանցվել նաեւ ԵԱՏՄ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների գծով: Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2,8 անգամ: Ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով: ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 33 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 91,7 տոկոսով: Բելառուսի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 185,8 մլն դոլար, Ղազախստանի հետ` 41,9 մլն դոլար, Ղրղզստանի հետ` 6,5 մլն դոլար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ գործընթացներում: 2022 թվականի ընթացքում շուրջ 1300 ապրանքային անվանումների ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի ժամանակավոր զրոյացման մեխանիզմը դրական ազդեցություն է ունեցել գնաճի զսպման վրա: Վահան Քերոբյանը տվյալներ է ներկայացրել նաեւ ոլորտում իրականացված քաղաքականության, ստորագրված համաձայնագրերի նշանակության, ֆինանսավորված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:

Պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ տնտեսական ազատության ինդեքսի նվազմանը վերաբերող հարցին՝ Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ տնտեսական ազատությունն աշխարհի բոլոր երկրներում էլ նվազել է այս տարի, քանի որ բարձր գնաճի պարագայում երկրների թե՛ դրամավարկային, թե՛ հարկաբյուջետային քաղաքականությունները մեծամասամբ զսպող են եղել: Նախարարը կարեւորել է կապիտալ ներդրումների ծավալի ամբողջական ապահովումը: Նա վստահեցրել է, որ բարեփոխումներ են արվում, օրենսդրական դաշտը փոփոխվում է՝ կոռուպցիայի համար սողանցքները հնարավորինս նվազեցնելու համար:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Հայաստանում կայուն արտադրություններ ստեղծելու կարեւորությանը եւ այս ուղղությամբ իրականացվող քայլերին, շինթույլտվությունների ուշացման տնտեսական հետեւանքներին, տնտեսական շուկաներում արված վերլուծություններին, կրթական համակարգում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:

Միքայել Թումասյանն էլ խոսել է զբոսաշրջության բնագավառի, հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ մատուցող ընկերությունների խնդիրների մասին: Ներկայացնելով զբոսաշրջության վիճակագրական տվյալները՝  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջությանը վերաբերող օրինագիծ է մշակվում, որով ոլորտի մի շարք խնդիրներ կլուծվեն: Արտագնա զբոսաշրջային օպերատորների նկատմամբ ֆինանսական պահանջները մեծանալու են, ներդրվելու է ֆինանսական երաշխիքների ինստիտուտը: Նա հավաստիացրել է, որ քայլեր են արվում զբոսաշրջությունը զարգացնելու եւ հյուրանոցային ոլորտը գրավիչ դարձնելու ուղղությամբ:

Զեկույցի շրջանակում ֆինանսների բնագավառում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնցում տեսակարար կշիռ ունեին օրենսդրական նախաձեռնությունները:

«Ընդլայնվել է ԱԱՀ-ից սահմանի վրա չհարկվող ապրանքների ցանկը, ընդունվել է հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրենքը, որի արդյունքում հանրային ծառայողները 2024 թվականին հաշվետվություն կներկայացնեն 2023 թվականի իրենց եկամուտների վերաբերյալ: Սրա հետ կապված՝ շուտով կներկայացվի սոցիալական կրեդիտների նվազեցումների հնարավորությունների ցանկը: Փոփոխություններ են իրականացվել «Տուրքերի մասին» օրենքում: Բարեփոխվել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը` այն դարձնելով առավել թիրախային»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ բարելավվել է բյուջետային պլանավորման մակարդակը՝ փորձելով բոլոր ծրագրերը եւ միջոցառումները կապել առկա ռազմավարություններին: Համակարգի բարելավման գործընթացը շարունակվելու է. նախատեսվում է առաջարկել անցում կատարել 3 տարվա բյուջետային պլանավորման համակարգին:

Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրների հետ՝ կրկնակի հարկման համակարգի հետ կապված: Ակնկալվում է, որ առաջիկայում համաձայնագրեր կստորագրվեն:

ԵԱՏՄ-ի հետ աշխատանքների մասով նախարարը տեղեկություններ չի հայտնել՝ նշելով, որ ավարտված աշխատանքներ դեռեւս չկան, դրանք ընթացքում են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն էլ նշել է, որ այցերից հետո գործընկեր երկրների հետ ձեռքբերված պայմանավորվածությունները շրջանառվում եւ հասցեագրվում են: Մասնավորապես, անդրադառնալով Հնդկաստանի օրինակին՝ նա տեղեկացրել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ աշխատուժի, կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում: Նախատեսվում է ստեղծել հայ-հնդկական առեւտրական հարթակ, գործարար խորհուրդ: Նման հարթակ ստեղծվել է անցյալ տարի, երբ Իրաքյան Քուրդիստանից Հայաստան էին ժամանել 80-ից ավելի գործարարներ, անցկացվել են մի քանի ֆորումներ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am